Thursday 21 May 2009

Դասեր Եւրատեսիլից

Աւարտւեց մոսկովեան Եւրատեսիլը և եւրոպացի ունկնդիրն ընտրեց իր նորւեգա-բելառուսական հեքիաթը...

Հայաստանը 4րդ անգամւայ համար ներկայացաւ այս մրցարշաւին մի կատարումով որ թէ՛ երաժշտական ձևով և թէ՛ ներկայացմամբ աւելի «Հայկական» էր քան միւս երեք մասնակցութիւնները: Եւ թերևս այդ իսկ պատճառով ունկնդիրն աւելի քիչ ընկալելով այն, Արշակեան քոյրերին շնորհեց ցուցակի 10րդ տեղը: Սակայն, այստեղ պէտք է դրւատանքի խօսքեր ուղղել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութեան հասցէին որ խուսափելով Եւրոպայի այդքան սիրած «թրքա-արաբական» ռիտմերից ու մեղեդիներից, այս անգամ ջանացաւ նոր շունչ պարգևել հայկականին: Սակայն դրա մասնագիտական քննադատութիւնը (իհարկէ՝ շինիչ քննադատութիւնը) թողնէ՛նք մեր երաժշտագէտերին: Նաև չափազանց գնահատելի էր ՀՀ Հեռուստաընկերութեան ճարպիկ արձագանքը ռուս-ազերիական նախաձեռնութեան դէմ՝ Հայասանը ներկայացնող հոլովակից Արցախի խորհրդանիշ «Պապիկ-Տատիկը» ջնջելու կապակցութեամբ:

Ինչպէս արդէն պարզ է, Եւրատեսիլ մրցոյթը հիմնւած է ո՛չ թէ երաժշտական արժանիքների, այլ ժողորդական (ամբոխային) ընդառաջման վրայ: Եւ այստեղ է որ իրենց յստակ դերն ունեն մարքեթինգը և PR-ը (հանրային կապ): Ցանկանանք թէ ոչ, այսօրւայ աշխարհում ունկնդրի տէսակէտը և որակի ըմբռնումը (perceived quality) կազմւում է այս մասնագիտութիւների շնորհիվ: Սակայն Հայ իրականութեան մէջ պակասում է այս մասնագիտական տւեալները: Իհարկէ դա ամբողջովին հասկանալի և ըմբռնելի երևոյթ է: Անցեալ դարաշրջնում հայկական սփիւռքը իր աղբիւրների զգալի մասը (օրինակ՝ կրթաթոշակները) յատկացրել է իրաւաբանական բնագաւառում մասնագիտանալու համար՝ որպէսզի այսպիսով պաշտպանի իր արդար իրաւունքները: Այսօրւայ Հայաստանն էլ իր ուշադրութիւնը սևեռել է կառավարական (management) բնագաւառի վրայ, ինչն բնական երևոյթ է: Սակայն անտեսւում է մի շատ կարևոր հանգամանք՝ այն որ այսօրւայ աշխարհում դատերը շահում և երկրները ներկայացւում են մարքեթինգի և PR-ի օգնութամբ:

Եւրատեսիլի փորձն ինքնին ցոյց է տալիս մեր մէջ գոյութիւն ունեցող բացը: Ինչպէս միշտ, մեր խմբի գովազդային արշաւի զգալի մասը ուղղւած էր եւրոպական երկրներում գոյութիւն ունեցող հայկական համայնքներին և ոչ թէ եւրոպացի հասարակութեանը: Եւ բնականաբար այդ փոքրամասնութիւն հանդիսացող հայկական համայնքները չէին կարող ծածկել «թրքա-արաբական» ռիտմերի ու մեղեդիների բացը:

Յոյսո՜վ որ կը սովորենք այս վերջին փորձից...

No comments:

Post a Comment