Wednesday 29 April 2009

Ապրիլեան Խոհեր

Աւարտւեց ապրիլեան եղեռնի ոգեկոչման հիմնական ծրագրերն ու միջոցառումները՝ Հայաստանում և սփիւռքի բոլոր գաղթօջախներում: Դարձեալ հայութիւնը սրտատրոփ սպասեց որ ուր որ է մեծն ԱՄՆ-ի նախագահի շուրթերից հնչելու է GENOCIDE բառը: Այս անգամ ևս Սպիտակ Տան անթագ թագաւորը (որն այս անգամ, բացառապէս, բազմաչարչար սևամորթ ցեղի ժառանգո՜րդ է) չգիտես ինչո՞ւ, վերջին պահին մոռանալով իր թերևս թարմ խոստումը, մոռացաւ այդ կարևոր տերմինը... Սակայն եկ ու տես որ նա մոռանալով իր մայրենին, յիշեց դրա հայերէն տարբերակը՝ «Մե՜ծ Եղեռն»:
Դէ՛ եկ վարդապե՜տ, եկ ու մի գժւիր...
Թեհրանահայութիւնը ևս ինչպէս անցեալ գոնէ 30 տարիները, նո՛յն չգրւած օրէնքների (կարծրացած ուղեղնե՞րի) թելադրանքով, նո՛յն անհատների կարգադրութիւնների ներքոյ, իրագործեց նո՛յն ծրագրերը, ելոյթները, դասախօսութիւնները, լոզունքները, գեղարւեստական պիտակ կրող միջոցառումները...
Սակայն այս տարւայ ոգեկոչճան օրերը յղի էին նաև եզակի երևոյթներով:
Ապրիլ 24-ի նախօրէին հանրութեանը ներկայացւեց (ներկայացւե՞ց) Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների նորմալացման համար ստեղծւած ճանապարհային քարտէզը (road map)՝ իհարկէ առանց յստակ ճանապարհների: Այդ «չ» ճանապարհները վշտացրին «Հին Ընկերոջը», և նա երկրորդ անգամւայ համար լքեց իր ընկերներին՝ թերևս նոր ընկերներ փնտրելու...
94 տարիներ են անցել 20րդ դարի այգաբացի այն մահաշունչ օրերից երբ պառակտւած Հայ ժողովուրդը դեռ չընտելացած լինելով նոր դարւայ շնչին, շնչահեղծ եղաւ թշնամու 20րդ դարեայ եաթաղանով:
Ո՞ւր ենք հիմա մենք: Աւելի քան 50 տարիներ է ինչ մի խումբ տաղանդալից հայորդիների նախաձեռնութեան շնորհիւ սուգը վերածեցինք պահանջատիրութեան: Բայց այս էլ քանի տարի ուշացնում ենք պահանջատիրութիւնը վերածել՝ ծրագրի. Համզգային Ծրագրի: Մի՞թէ չորացել է մեր ազգի տաղանդածին արգանդը: Թէ՞ կարծրացած ուղեղները և հաստացած վզերն են խանգարում նրանց ի յայտ գալուն...
Ուշանո՜ւմ ենք, ուշանում: Թշնամին կրնկակոխ հասցնում է իրեն 21րդ դարւայ թափին, իսկ մենք դեռ աշխատում ենք մարսել 20րդ դարը և բուժել նրա թողած խոր վերքերը:
Մեզ նո՜ր միտք է պէտք, թա՜րմ ուղեղ և ստեղծագո՜րծ ոգի... Հաւատացէք դրանց գտնելը բոլորովին էլ դժւար չէ: Լո՛կ ցանկութիւն է պէտք...

Tuesday 21 April 2009

21րդ դարի համաժողով՝ 20րդ դարի ներկայացուցիչներով

Արդեօք մինչև հիմա մտածել եք թէ ի՞նչու մեր համայնքում օրըստօրէ նոսրանում է երիտասարդ մասնագէտների մասնակցութիւնը: Իհարկէ անկասկած այդ բացակայութեան մի մասի պատճառը «արտագաղթ» կոչւած երևոյթն է: Սակայն մի՞թէ այլևս մեր համայնքը զրկւել է մասնագետների նոր սերունդներից: Պատասխանը բացարձակապէս բացասական է: Ուղղակիօրէն այդպիսի երիտասարդներին «խաղ չի տրւում» և այդպիսով գուցէ ոչ ֆիզիկապէս, այլ հոգէպէս նրանք մեկուսացւում են համայնքից: Դրա վերջին յստակ օրինակը ներքևում ներկայացւած լուրն է.

Ալիք օրաթերթ - 19.04.09
Ճարտարապետների համահայկական համաժողով՝ «Հայկական ճարտարապետութիւնը եւ 21-րդ դարը» խորագրով Իրանահայ երեք ճարտարապետների մասնակցութիւնը՝ համաժողովին
Հատւած
«Աւելացնենք, որ սոյն Համահայկական համաժողովին հրաւիրւած եւ մասնակից են լինելու իրանահայ ճարտարապետ(գէտ)-ներ՝ Ալբերտ Աճեմեանը, Վարուժան Առաքելեանը եւ Աբրահամ Այւազեանը, որոնք համաժողովի ծիրում հանդէս են գալու նիստի ղեկավարմամբ, ելոյթով եւ զեկոյցով:»

Խորին յարգանք տածելով նշւած անհատների մասնագիտական ձեոքբերումներին, ցանկանում եմ հարցնել նրանց և համայնքի «ջոջ»-երին՝ արդե՞օք ժամանակը չի հասել որ բաւարւելով իրենց քաղաքական-համայնքային կոչումներով և տիտղոսներով, թոյլ տան որ հնչի համայնքի ՆՈՐ ձայնը: Արդե՞օք 21րդ դարը կառուցելու ենք աոանց այդ դարի իրական ներկայացուցիչների...

Sunday 19 April 2009

Ողջո՜յններ Դիմակահնդէսի Գլխաւորից

Սիրելի ընթերցողներ,

Սկսում եմ այս էջը որպէսզի այս էլեկտրոնային միջոցով կիսենք մեր տեսակէտները Իրանահայ համայնքում օրըստօրէ աճող ՄԻՋԱԿՈՒԹԻՒՆների մասին. մի համայնք որի հոգևոր հովիվը նախընտրում է իրեն հիւրընկալողների սեղանը և միւս հիւրերին լքել՝ ինչ որ հեռուստասէրիալ դիտելու համար. մի համայնք՝ որի ազգային կառոյցի «նախագահ»-ը լքում է համայնքի մաշտապով կազմակերպւած միջոցառումը՝ լոկ իր անձնական ամբիցիաները բաւարարելու համար. մի համայնք՝ որի հարուստ դասին պատկանող ճանաչւած գործարարն իր «բարերարութիւն»-ը շեփորել է տալիս իր իսկ ստեղծած մամուլում...

Հաւատում եմ որ այս քննարկումները կը կարողանան ինչ որ լծակ հանդիսանալ արթացնելու մեր համայնքի նոր սերունդի միտքը՝ որպէսի այն կարողանայ արժանավայել կերպով տէր կանգնել Իրանահայ 400 ամեայ ժառանգութեանը:

Որպէս նախաբան վերյիշենք Սևակի մարգարէական տողերը՝


Բարոյական այն պարապը,
Որ շատ վաղուց
Ամենքիս մէջ հորանջում էր
Կարծէս անչար ու անվնաս,
Հիմա արդէն չարչարում է ու տանջում է՝
Վերածւելով մի անհատնում զկռտոցի...
Եւ թոյն-փոշին այն խարտոցի,
Որ բանում է գիշեր ու զօր,
Բանում ինքնին և ինքնավար,
Նո՛յն թոյն-փոշին հետզհետէ
Ամե՜ն ինչի վրայ թառում,
Խառնւում է ամե՜ն ինչի՝
Հացի՛,
Երգի՛,
Մտքի՛,
Շնչի՛:
Եւ խարտւածքի հոտ կը փչի
Շուտով արդէն ամեն ինչից
Հացի՛ց,
Երգի՛ց,
Մտքի՛ց,
Շնչի՛ց...

Հանեցէ՛ք ձեր դիմակները,
Որ գէթ մի քիչ դիւրին շնչե՜լ կարողանաք...