Sunday 31 May 2009

Դիմակահանդէսային Աշխատանքի Հրաւէր


ԹՀԹ ԹԷՅԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ իր անձակազմը լրացնելու համար աշխատանքի է հրաւիրում դիմակաւորների որոնք օժտւած կլինեն յետևեալ բարեմասնութիւններով՝

Ա. Լինել կառկառուն «Կուսակցական» դէմք - Կառկառուն լինել նշանակում է առանց որևէ հակադրման կամ հարցման՝ ընդունել թելադրւածը: «Կուսակցութիւն»-ն եզակի է ու չի ընդունւում այդ անւանումը անտեղի կրող որևէ այլախոհ ուղի:
Բ. Դիմողը պիտի ունենայ ԱՄՆ-ի «Գրին Քարտ» - Ընդունւում է նաև «Գրին Քարտ» ձեռք բերելու համար արդէն դիմած կամ «Գրին Քարտ» կրող առաջին կարքի ընտանիքի անդամներ ունեցող դիմակաւորներ:
Ուշադր.՝ «Հայաս»-ի ստացականներն անվաւեր են համարւում:
Գ. Դիմողը պիտի ունենայ բնակարան Երևանի կենտրոնում «էլիտար» կոչւած բազմահարկ շէնքերից մէկում:
Դ. Դիմողը պիտի փորձառութիւն ունենայ ազգային կառոյցների լուծարման գործում, զորօրինակ՝ դպրոցներ, հաւաքասրահներ, միութիւններ և...
Ե. Դիմողը պիտի փորձառութիւն ունենայ ազգային կալւածքները իւրացնելու կամ օտարացնելու գործում:
Զ. Նիւթական բարեկեցիկ իրավիճակ ունենալը նախընտրելի է:

Դիմել ցանկացողները իրենց դիմակաւորի գրաւոր համառօտ կենսագրութիւն/տւեալները կարող են մինչև սոյն թւականի Մայիսի 31-ը ներկայացնել Դիմակահանդէի Գլխաւորին յետևեալ էլ-հասցէով՝ եսընտրւածեմ@headofmasquerade.blogspot.com:

Thursday 21 May 2009

Դասեր Եւրատեսիլից

Աւարտւեց մոսկովեան Եւրատեսիլը և եւրոպացի ունկնդիրն ընտրեց իր նորւեգա-բելառուսական հեքիաթը...

Հայաստանը 4րդ անգամւայ համար ներկայացաւ այս մրցարշաւին մի կատարումով որ թէ՛ երաժշտական ձևով և թէ՛ ներկայացմամբ աւելի «Հայկական» էր քան միւս երեք մասնակցութիւնները: Եւ թերևս այդ իսկ պատճառով ունկնդիրն աւելի քիչ ընկալելով այն, Արշակեան քոյրերին շնորհեց ցուցակի 10րդ տեղը: Սակայն, այստեղ պէտք է դրւատանքի խօսքեր ուղղել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութեան հասցէին որ խուսափելով Եւրոպայի այդքան սիրած «թրքա-արաբական» ռիտմերից ու մեղեդիներից, այս անգամ ջանացաւ նոր շունչ պարգևել հայկականին: Սակայն դրա մասնագիտական քննադատութիւնը (իհարկէ՝ շինիչ քննադատութիւնը) թողնէ՛նք մեր երաժշտագէտերին: Նաև չափազանց գնահատելի էր ՀՀ Հեռուստաընկերութեան ճարպիկ արձագանքը ռուս-ազերիական նախաձեռնութեան դէմ՝ Հայասանը ներկայացնող հոլովակից Արցախի խորհրդանիշ «Պապիկ-Տատիկը» ջնջելու կապակցութեամբ:

Ինչպէս արդէն պարզ է, Եւրատեսիլ մրցոյթը հիմնւած է ո՛չ թէ երաժշտական արժանիքների, այլ ժողորդական (ամբոխային) ընդառաջման վրայ: Եւ այստեղ է որ իրենց յստակ դերն ունեն մարքեթինգը և PR-ը (հանրային կապ): Ցանկանանք թէ ոչ, այսօրւայ աշխարհում ունկնդրի տէսակէտը և որակի ըմբռնումը (perceived quality) կազմւում է այս մասնագիտութիւների շնորհիվ: Սակայն Հայ իրականութեան մէջ պակասում է այս մասնագիտական տւեալները: Իհարկէ դա ամբողջովին հասկանալի և ըմբռնելի երևոյթ է: Անցեալ դարաշրջնում հայկական սփիւռքը իր աղբիւրների զգալի մասը (օրինակ՝ կրթաթոշակները) յատկացրել է իրաւաբանական բնագաւառում մասնագիտանալու համար՝ որպէսզի այսպիսով պաշտպանի իր արդար իրաւունքները: Այսօրւայ Հայաստանն էլ իր ուշադրութիւնը սևեռել է կառավարական (management) բնագաւառի վրայ, ինչն բնական երևոյթ է: Սակայն անտեսւում է մի շատ կարևոր հանգամանք՝ այն որ այսօրւայ աշխարհում դատերը շահում և երկրները ներկայացւում են մարքեթինգի և PR-ի օգնութամբ:

Եւրատեսիլի փորձն ինքնին ցոյց է տալիս մեր մէջ գոյութիւն ունեցող բացը: Ինչպէս միշտ, մեր խմբի գովազդային արշաւի զգալի մասը ուղղւած էր եւրոպական երկրներում գոյութիւն ունեցող հայկական համայնքներին և ոչ թէ եւրոպացի հասարակութեանը: Եւ բնականաբար այդ փոքրամասնութիւն հանդիսացող հայկական համայնքները չէին կարող ծածկել «թրքա-արաբական» ռիտմերի ու մեղեդիների բացը:

Յոյսո՜վ որ կը սովորենք այս վերջին փորձից...

Tuesday 12 May 2009

Լաւագոյն բարեմաղթանքներ «Եւրատեսիլ 2009»-ի մեր ներայացուցիչներին


Թո՛ղ «ՆորՊար»-ը դառնայ ոգեշնչման նոր աղբիւր...
Յաջողութիւն Արշակեան քոյրերին...

Monday 11 May 2009

Քրիստոնէական Դաստիարակութի՞ւն...


Կարծում եմ բոլորիս էլ յայտնի է թէ այսօրւայ աշխարհում ինչպիսի ճգնաժամերի հանդիման են կանգնած բոլոր այն ասպարէզներն որոնք որևէ կերպ առնչւում են «հոգևոր»-ին: Այդպիսի ճգնաժամերից զերծ չէ նաև մեր ազգը՝ թէ՛ հայրենիքում և թէ՛ սփիւռքում: Եւ տակաւին բնական է որ այս ընթացքից զգալի տուժել և տուժում է, դեռևս երկճեղքւած (արդե՞օք միայն երկճեղքւած) Հայ Առաքելական Եկեղեցին: Բայց չգիտես ինչու մեր հոգևոր (հ)այրերը չեն կարողանում «վասն ազգութեան» վերանայել և վերածնել իրենց այսօրւայ գործունէութիւնը...
Սա իհարկէ մի ուրիշ զրոյցի նոյթ է: Անցնէ՛նք բուն թեմային:
Վերջերս մտերիմներից մէկի խնդրանքով ներկայ գտնւեցի իրենց բնակարանում որպէսի որպէս ասմունքող՝ օգնեմ իր տարրական դասարանի աշակերտ որդուն պատրասել իրեն վստահւած «Սաղմոս»-ի հատւածը՝ «Քրիստոնէական Դաստիարակութիւն» կոչումը կրող աշակերտական մրցոյթի համար... Այո՛, մի հատւած Սողոմոն մարգարէյի Սաղմոսներից՝ բարեբախաբար աշխարհաբառ թարգմանութեամբ: Տղան որ ուշիմ և ժրաջան աշակերտ է, և աշխատել էր մինչև այդ արդէն գոց անել իրեն տրւած հատւածի մեծ մասը, իմ խնդրանքով սկսեց կարդալ իր համար ընդհանրապէս անհասկանալի այդ բառերի-նախադասութիւնների շարանը: Յստակօրէն զգալի էր որ նա չի հասկանում իր արտաբերած նախադասութիւններից և ո՛չ մի տառը: Թէև արդէն գիտէի պատասխանը, այդուհանդերձ հարցրեցի թէ արդեօք ուսուցչուհին բացատրել է այդ «Սաղմոս»-ի հատւածի իմաստը: Պատասխանը բացասական էր: Փորձեցի ինքս հանձն առնել «Քրիստոնէական Դաստիարակութեան» ուսուցչուհու պարտականութիւնը... Բայց ինչպէ՞ս կարող ես տարրական դասարանի աշակերտին բացադրել մի բան որի խորիմաստութիւնը չափազանց բարդ և վեր է իր տարիքային ունակութիւններից:
Ահաւասիկ հարց է առաջանում թէ արդեօ՞ք այսպիսի «Քրիստոնէական Դաստիարակութիւն»-ն իրապէս ծառայում է իր իսկ սկզբունքներին. թէ ինքնին կարող է խթան հանդիսանալ մեր համայնքի նոր սերնդի առանց այդ էլ չնչին հետաքրքրութեան նւազեցմանը՝ Հայոց Լեզւի և Քրիստոնէական հաւատքի նկատմամբ: Արդեօ՞ք նրանք որոնք ծրագրում են այսպիսի աշխատանքները չե՞ն տեսնում թէ ի՜նչ է կատարւում մեր շրջակայքում: Միթէ՞ նրանք դեռ չեն մուտք գործել 21րդ դարը...
Ժամն է որ արթնացնենք նրանց...

Saturday 9 May 2009

One … fits all (Առանց Մեկնաբանութեան / No Comment)

Ալիք օրաթերթ, 07.05.09 – հատւած (նշումները բլոկից են)

«Երեւանի աւագանու ընտրութիւններին ՀՅԴ-ի ցուցակի երկրորդ ներկայացուցիչը՝ Ալբերտ Աճեմեանը, նշեց, որ Երեւանի աւագանին պէտք է դառնայ այն կամրջող օղակը, որը հասարակութեան եւ Երեւանի քաղաքապետի միջեւ պէտք է ապահովի իրազեկութիւնը: «Երեւանցին մասնակցելով աւագանու ընտրութիւներին՝ արդէն իսկ կը սկսի մասնակիցը դառնալ Երեւան քաղաքի կառավարման գործընթացին», աւելացրեց մասնագիտութեամբ ճարտարապետ, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Ա. Աճեմեանը՝ շեշտելով, որ Երեւանը այսօր քաղաքաշինութեան, բնապահպանութեան, կրթական, մշակութային բնագաւառներում կարիք ունի ռազմավարական ծրագրի ստեղծման եւ իրականացման:»

Ալիք օրաթերթ - 19.04.09 – հատւած (նշումները բլոկից են)

«Աւելացնենք, որ սոյն Համահայկական համաժողովին հրաւիրւած եւ մասնակից են լինելու իրանահայ ճարտարապետ(գէտ)-ներ՝ Ալբերտ Աճեմեանը, Վարուժան Առաքելեանը եւ Աբրահամ Այւազեանը, որոնք համաժողովի ծիրում հանդէս են գալու նիստի ղեկավարմամբ, ելոյթով եւ զեկոյցով:»

Tuesday 5 May 2009

Ազգայնկանութիւն թէ՞ Հայրենասիրութիւն (Nationalism VS Patriotism)

Հանճարեղ հրեայ երաժշագէտ Դանիէլ Բարընբոյմի հարցազրոյցը՝ Russia Today լրատւական/տեղեկատւական ալիքի վրացի հաղորդավարուհու հետ:
Թէև նոյթը վերաբերւում է Ղազզայի վերջին արիւնահեղութիւններին, սակայն կարելի է աշխարհահռչակ երաժշտագէտի վերլուծական քննադատութիւնների մէջ որոնք ուղղւած են իսրայէլաբնակ և աշխարհասփիւռ հրեաների վարած քաղաքաշանութեանն ու մօտեցումներին, յստակօրէն գտնել զուգահեռներ մեր իրականութեան հետ՝ թէ՛ Հայաստանում և թէ՛ սփիւռքում: Դժբախտաբար մեզ մօտ էլ պակասում է հայրենասիրութեան գաղափարը և շատ անգամ մեր ազգային արժէք (արժէ՞ք) համարւող «գոռոզութեան» շնորհիւ նրան փոխարինելու է գալիս «կոյր» ազգայնկանութիւնը...