Monday 11 May 2009

Քրիստոնէական Դաստիարակութի՞ւն...


Կարծում եմ բոլորիս էլ յայտնի է թէ այսօրւայ աշխարհում ինչպիսի ճգնաժամերի հանդիման են կանգնած բոլոր այն ասպարէզներն որոնք որևէ կերպ առնչւում են «հոգևոր»-ին: Այդպիսի ճգնաժամերից զերծ չէ նաև մեր ազգը՝ թէ՛ հայրենիքում և թէ՛ սփիւռքում: Եւ տակաւին բնական է որ այս ընթացքից զգալի տուժել և տուժում է, դեռևս երկճեղքւած (արդե՞օք միայն երկճեղքւած) Հայ Առաքելական Եկեղեցին: Բայց չգիտես ինչու մեր հոգևոր (հ)այրերը չեն կարողանում «վասն ազգութեան» վերանայել և վերածնել իրենց այսօրւայ գործունէութիւնը...
Սա իհարկէ մի ուրիշ զրոյցի նոյթ է: Անցնէ՛նք բուն թեմային:
Վերջերս մտերիմներից մէկի խնդրանքով ներկայ գտնւեցի իրենց բնակարանում որպէսի որպէս ասմունքող՝ օգնեմ իր տարրական դասարանի աշակերտ որդուն պատրասել իրեն վստահւած «Սաղմոս»-ի հատւածը՝ «Քրիստոնէական Դաստիարակութիւն» կոչումը կրող աշակերտական մրցոյթի համար... Այո՛, մի հատւած Սողոմոն մարգարէյի Սաղմոսներից՝ բարեբախաբար աշխարհաբառ թարգմանութեամբ: Տղան որ ուշիմ և ժրաջան աշակերտ է, և աշխատել էր մինչև այդ արդէն գոց անել իրեն տրւած հատւածի մեծ մասը, իմ խնդրանքով սկսեց կարդալ իր համար ընդհանրապէս անհասկանալի այդ բառերի-նախադասութիւնների շարանը: Յստակօրէն զգալի էր որ նա չի հասկանում իր արտաբերած նախադասութիւններից և ո՛չ մի տառը: Թէև արդէն գիտէի պատասխանը, այդուհանդերձ հարցրեցի թէ արդեօք ուսուցչուհին բացատրել է այդ «Սաղմոս»-ի հատւածի իմաստը: Պատասխանը բացասական էր: Փորձեցի ինքս հանձն առնել «Քրիստոնէական Դաստիարակութեան» ուսուցչուհու պարտականութիւնը... Բայց ինչպէ՞ս կարող ես տարրական դասարանի աշակերտին բացադրել մի բան որի խորիմաստութիւնը չափազանց բարդ և վեր է իր տարիքային ունակութիւններից:
Ահաւասիկ հարց է առաջանում թէ արդեօ՞ք այսպիսի «Քրիստոնէական Դաստիարակութիւն»-ն իրապէս ծառայում է իր իսկ սկզբունքներին. թէ ինքնին կարող է խթան հանդիսանալ մեր համայնքի նոր սերնդի առանց այդ էլ չնչին հետաքրքրութեան նւազեցմանը՝ Հայոց Լեզւի և Քրիստոնէական հաւատքի նկատմամբ: Արդեօ՞ք նրանք որոնք ծրագրում են այսպիսի աշխատանքները չե՞ն տեսնում թէ ի՜նչ է կատարւում մեր շրջակայքում: Միթէ՞ նրանք դեռ չեն մուտք գործել 21րդ դարը...
Ժամն է որ արթնացնենք նրանց...

No comments:

Post a Comment