Wednesday 21 April 2010



«Բեմական նորամուծութի՜ւն եղեռնի 95 ամեակի սեմին»

Այսօր որպէս «Մաշտոց» երգչախմբի անդամ մասնակցում էի Իրանահայ Գրողների Միութեան և Հայ Ակումբի կողմից կազմակերպւած Հայոց Եղեռնի 95 ամեակին նւիրւած՝ «գեղարւեստական երեկոյ» վերնագիրը կրող միջոցառմանը։ Նախկան այդ երեկոյի ակնառու իրադարձութեանն անցնելը նշելի է որ այստեղ էլ ինչպէս համայնքում «կազմակերպւած» միւս բոլոր ձեռնարկներում, կարելի էր տեսնել նոյն՝ արդէն համաճարակ դարձած երևոյթները՝

- Սրահը համարեայ դատարկ էր ու եղած ունկնդիրների միջին տարիքը 40-ից վեր էր.
- Ձեռնարկը սկսւեց մօտաւորապէս 45 րոպէ ուշացումով.
- «Ծրագիրը» համարեայ զուրկ էր «ծրագիր» կոչումը կրելու իրաւունքից և զգալի էր «իմպրովիզացիայի» մեծ դերը նրա ընթացքը որոշելու մէջ։

Այստեղ հարց է ծագում թէ արդեօ՞ք այս ձեռնարկը «կազմակերպող» միութիւնները և նրանց ուղղորդող 95 ամեակի Կենտրոնական Յանձնախումբն այն ի մի են բերել լոկ որպէս «պարտականութեան» կատարում թէ՞... Չէ որ լոկ մի տասնամեակ առաջ, այդ նոյն սրահում, նոյն միութիւնները կազմակերպում էին այնպիսի յիշատակման օրեր որոնք դեռ յիշւում են համայնքում իրենց բովանդակութեամբ և որակով...

Իսկ այն ինչ ինձ համար՝ որպէս որպէս մօտ երեք տասնամեակ բեմական փորձ ունեցող անհատի (ասմունքողի) և մասնագիտութեամբ նորարարագէտի չափազանց անսպասելի «նորարարութիւն» էր, այն էր որ երգչախմբային և պարային ելոյթներից յետոյ ասմունքող օրիորդը բեմ բարձրացաւ բառի բուն իմաստով մինչև ծնկները հասնող «վարտիկով» (շորթիկով) և ասմունքեց «եղեռնի» թեմայով հայրենասիրական բանաստեղծութիւնը...

Ըստ երևոյթին ծրագրի այդ հատւածը թիւրիմացութեամբ վերցւել էր Հայաստանեան հեռուստատեսութիւնների տասնեակ նմանատիպ «շոու» կոցւած ծրագրերից...

Հարց է ծագում թէ ո՞վ է այս համատարած համայնքային «նահանջի» և «միջակութեան» պատասխանատուն. ի՞նչ եղան լոկ տաս տարի առաջ վերոյիշեալ ելոյթները կազմակերպող և դրանց մասնակցող սերունդնի ներկայացուցիչները. արդե՞օք դեռ ժամանակը չի հասել որ համայնքի այսօրւայ ջոջերը ուշքի գան ու կանգնեցնեն այս դէպի անդունդը սուրացող գնացքը...

Wednesday 2 December 2009


Երբ մշակոյթը կերտելու փոխարէն, այն վերածւում է «media»-ի


Արդէն մեր համայնքում նորմալ երևոյթ է համարւում որ մշակոյթ կերտելու փոխարէն, պատւիրենք այն ու մեր աթոռներին թիկնած ըմբոշխնենք. ինչպէս սովորաբար անում ենք հոլիվուդեան կինոյի դի-վի-դին ընտրելով, գնելով ու ապա բազմոցին ձգւած դիտելով։
Հաշտւել ենք որ Իրանահայ խմբավարը միայն աշխատի պետական հիմնարկների համար, իսկ մենք Հայաստանից խմբավար հրաւիրենք որ գայ ու մեզ ծանօթացնի մեծն Կոմիտասի հանճարի հետ որից իբր մենք տակաւին անտեղեակ էինք։
Իրանահայ պարուսոյցը պիտի իր անձնական պարախմբի փորձերի և ելոյթի համար օգտւի մեր «միութենական» տարածքից և բեմից, իսկ մենք դարձեալ պարուսոյց փնդրենք Հայաստանում...
Եւ ուրեմն թերևս չպիտի զարմանալ որ աւելի քան վեց տասնամեակ գոյտևած Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Արւեստից Միութիւնը (որ չգիտես ինչո՞ւ դեռ կրում է ծանրակշիռ «Արւեստից» անւանումն՝ երբ իր ծրագրողների մէջ չպիտի լինեն այդ բնագաւառում թրծւած անհատներ) հպարտօրէն, հրճւանքով և ի լուր աշխարհի իր յարկի տակ է ընդունում մի հեռուստատէսային սերիալի ոմն «դերասանի» որի անպարկեշտ և ցինիկ կեցւածքը արդէն իսկ զգալիօրէն վնասել և խաթարել է մեր մանուկ-պատանիների լեզուն և վարքագիծը։ Արդե՞օք սա՜ էր Արարատը կերտողների երազած ապագան...

Պարն աւարտւել
Ու խաղն արդէն վերջանում է:
Հանեցէ՛ք ձեր դիմակները:
Ուշացումի ամե՜ն պահից
Իմ վիճակը
Ձեր փոխարէն լրջանում է,
Որովհետև ինձ է տրւած, դժբախտաբար,
Յիշեցնելու ձեզ վերստին ու վերջապէս,
Որ ուշացած արթնացումը
Կնմանւի մի պայթիւնի՜,
Որից յետոյ
Լռութիւնն ու Փոշին պիտի գոտեմարտեն
Չգոյութեան գահի համար ...

Tuesday 30 June 2009

Ոչ մասնագիտական մօտեցո՞ւմ, քծնա՞նք, թէ՞...


Անցեալ մէկ ամսւայ ընթացքում նւազագոյնը 3 անգամ «Ալիք» օրաթերթի էջերում (թերևս այսօրւայ դրութեամբ ամենալայն ունկնդիր վայելող մահազդ-հոգեհանգիստների էջերում) հանդիպել եմ վերում պատկերւած յայտարարութեան նմանատիպ օրինակների: Հոգեհանգստեան յայտարարութիւն՝ ուր առաջին հայացքով չես կարող ըմբռնել թէ ո՞վ է հանգուցեա՜լը...

Թերևս այսպիսի մի կոպիտ պատկերային և գրաւոր հաղորդակցական (visual communication & copywriting) սխալ կարելի է սպասել մի նորայայտ լրատւական միջոցից: Սակայն երբ մի օրաթերթ գտնւում է իր գոյութեան 7-րդ տասնամեակում, սպասելիքները և չափանիշը բոլորովին տարբեր են: Դա կամ մասնագիտական մօտեցման պակաս է, կամ կոյր քծնանքի դրսևորում, կամ...

Wednesday 3 June 2009

Իրանագիտութեան Պակաս, թէ՞...


Երէկ երեկոյան (02.06.09) «Շանթ» հեռուստաընկերութեան «Հորիզոն» լրատւական ծրագիրն անդրադարձաւ Իրանում տեղի ունեցող նախագահական ընտրութիւնների քարոզարշաւին: Ծրագրի ընթացքում «վերլուծականով» հանդէս եկաւ Արտեոմ Երկանեանը որն Իրանահայ ունկնդրին ծանօթ է իր լրագրողական ծրագրերով և վերլուծականներով՝ ի մասաւորի Թուրքիա-Հայաստան խնդիրների առնչութեամբ:
Հայաստանի համար ռազմավարական դեր ունեցող հարևան մի երկրի՝ Իրանի նախընտրական եռուզեռը լուսաբանելը «Շանթ» հեռուստաընկերութեան կողմից զարմանալի մի երևոյթ չէ՝ այլ գնահատելի: Սակայն, ցաւօք, այն ինչ անբնական և թերևս «աններելի» երևոյթ էր, Պրն Երկանեանի վերլուծութեան մէջ անգամներ Իրանի «Ատրպատական» նահանգները «Ադրբէյջան» կոչւելն էր:
Ցաւալի է որ միջազգային եթեր դուրս եկած և սփիւռքի համայնքներ մուտք գորած «Շանթ»-ն իրեն թոյլադրում է այսպիսի մի կոպիտ և ոազմավարական սխալ: Իհարկէ այս սխալն ունի իր խոր արմատներն որոնցից ամենաշոշափելին հայաստանեան հասարակութեան մէջ եղած անտարբերութիւնն է Իրանի, նրա վերջին շրջանի պատմութեան և ներկայի նկատմամբ: Բազմիցս ենք հանդիպում քաղաքական և մշակութային դէմքերի որոնք օգտւում են «Պարսկաստան» անւանումն «Իրան»-ի փոխարէն. մի անւանում որ մօտ մէկ դար է ինչ պատմութեան գիրկն է անցել:
Յուսանք որ այսուհետ չենք ունկնդրի այսպիսի սխալների «Շանթ»-ի եթերով: Վստահ եմ որ Հայաստանում բնակւող իրանահայերը կարող են վստահելի աղբիւր հանդիսանալ եղած բացերը լրացնելու գործում:

Sunday 31 May 2009

Դիմակահանդէսային Աշխատանքի Հրաւէր


ԹՀԹ ԹԷՅԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ իր անձակազմը լրացնելու համար աշխատանքի է հրաւիրում դիմակաւորների որոնք օժտւած կլինեն յետևեալ բարեմասնութիւններով՝

Ա. Լինել կառկառուն «Կուսակցական» դէմք - Կառկառուն լինել նշանակում է առանց որևէ հակադրման կամ հարցման՝ ընդունել թելադրւածը: «Կուսակցութիւն»-ն եզակի է ու չի ընդունւում այդ անւանումը անտեղի կրող որևէ այլախոհ ուղի:
Բ. Դիմողը պիտի ունենայ ԱՄՆ-ի «Գրին Քարտ» - Ընդունւում է նաև «Գրին Քարտ» ձեռք բերելու համար արդէն դիմած կամ «Գրին Քարտ» կրող առաջին կարքի ընտանիքի անդամներ ունեցող դիմակաւորներ:
Ուշադր.՝ «Հայաս»-ի ստացականներն անվաւեր են համարւում:
Գ. Դիմողը պիտի ունենայ բնակարան Երևանի կենտրոնում «էլիտար» կոչւած բազմահարկ շէնքերից մէկում:
Դ. Դիմողը պիտի փորձառութիւն ունենայ ազգային կառոյցների լուծարման գործում, զորօրինակ՝ դպրոցներ, հաւաքասրահներ, միութիւններ և...
Ե. Դիմողը պիտի փորձառութիւն ունենայ ազգային կալւածքները իւրացնելու կամ օտարացնելու գործում:
Զ. Նիւթական բարեկեցիկ իրավիճակ ունենալը նախընտրելի է:

Դիմել ցանկացողները իրենց դիմակաւորի գրաւոր համառօտ կենսագրութիւն/տւեալները կարող են մինչև սոյն թւականի Մայիսի 31-ը ներկայացնել Դիմակահանդէի Գլխաւորին յետևեալ էլ-հասցէով՝ եսընտրւածեմ@headofmasquerade.blogspot.com:

Thursday 21 May 2009

Դասեր Եւրատեսիլից

Աւարտւեց մոսկովեան Եւրատեսիլը և եւրոպացի ունկնդիրն ընտրեց իր նորւեգա-բելառուսական հեքիաթը...

Հայաստանը 4րդ անգամւայ համար ներկայացաւ այս մրցարշաւին մի կատարումով որ թէ՛ երաժշտական ձևով և թէ՛ ներկայացմամբ աւելի «Հայկական» էր քան միւս երեք մասնակցութիւնները: Եւ թերևս այդ իսկ պատճառով ունկնդիրն աւելի քիչ ընկալելով այն, Արշակեան քոյրերին շնորհեց ցուցակի 10րդ տեղը: Սակայն, այստեղ պէտք է դրւատանքի խօսքեր ուղղել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութեան հասցէին որ խուսափելով Եւրոպայի այդքան սիրած «թրքա-արաբական» ռիտմերից ու մեղեդիներից, այս անգամ ջանացաւ նոր շունչ պարգևել հայկականին: Սակայն դրա մասնագիտական քննադատութիւնը (իհարկէ՝ շինիչ քննադատութիւնը) թողնէ՛նք մեր երաժշտագէտերին: Նաև չափազանց գնահատելի էր ՀՀ Հեռուստաընկերութեան ճարպիկ արձագանքը ռուս-ազերիական նախաձեռնութեան դէմ՝ Հայասանը ներկայացնող հոլովակից Արցախի խորհրդանիշ «Պապիկ-Տատիկը» ջնջելու կապակցութեամբ:

Ինչպէս արդէն պարզ է, Եւրատեսիլ մրցոյթը հիմնւած է ո՛չ թէ երաժշտական արժանիքների, այլ ժողորդական (ամբոխային) ընդառաջման վրայ: Եւ այստեղ է որ իրենց յստակ դերն ունեն մարքեթինգը և PR-ը (հանրային կապ): Ցանկանանք թէ ոչ, այսօրւայ աշխարհում ունկնդրի տէսակէտը և որակի ըմբռնումը (perceived quality) կազմւում է այս մասնագիտութիւների շնորհիվ: Սակայն Հայ իրականութեան մէջ պակասում է այս մասնագիտական տւեալները: Իհարկէ դա ամբողջովին հասկանալի և ըմբռնելի երևոյթ է: Անցեալ դարաշրջնում հայկական սփիւռքը իր աղբիւրների զգալի մասը (օրինակ՝ կրթաթոշակները) յատկացրել է իրաւաբանական բնագաւառում մասնագիտանալու համար՝ որպէսզի այսպիսով պաշտպանի իր արդար իրաւունքները: Այսօրւայ Հայաստանն էլ իր ուշադրութիւնը սևեռել է կառավարական (management) բնագաւառի վրայ, ինչն բնական երևոյթ է: Սակայն անտեսւում է մի շատ կարևոր հանգամանք՝ այն որ այսօրւայ աշխարհում դատերը շահում և երկրները ներկայացւում են մարքեթինգի և PR-ի օգնութամբ:

Եւրատեսիլի փորձն ինքնին ցոյց է տալիս մեր մէջ գոյութիւն ունեցող բացը: Ինչպէս միշտ, մեր խմբի գովազդային արշաւի զգալի մասը ուղղւած էր եւրոպական երկրներում գոյութիւն ունեցող հայկական համայնքներին և ոչ թէ եւրոպացի հասարակութեանը: Եւ բնականաբար այդ փոքրամասնութիւն հանդիսացող հայկական համայնքները չէին կարող ծածկել «թրքա-արաբական» ռիտմերի ու մեղեդիների բացը:

Յոյսո՜վ որ կը սովորենք այս վերջին փորձից...

Tuesday 12 May 2009

Լաւագոյն բարեմաղթանքներ «Եւրատեսիլ 2009»-ի մեր ներայացուցիչներին


Թո՛ղ «ՆորՊար»-ը դառնայ ոգեշնչման նոր աղբիւր...
Յաջողութիւն Արշակեան քոյրերին...