Wednesday 2 December 2009


Երբ մշակոյթը կերտելու փոխարէն, այն վերածւում է «media»-ի


Արդէն մեր համայնքում նորմալ երևոյթ է համարւում որ մշակոյթ կերտելու փոխարէն, պատւիրենք այն ու մեր աթոռներին թիկնած ըմբոշխնենք. ինչպէս սովորաբար անում ենք հոլիվուդեան կինոյի դի-վի-դին ընտրելով, գնելով ու ապա բազմոցին ձգւած դիտելով։
Հաշտւել ենք որ Իրանահայ խմբավարը միայն աշխատի պետական հիմնարկների համար, իսկ մենք Հայաստանից խմբավար հրաւիրենք որ գայ ու մեզ ծանօթացնի մեծն Կոմիտասի հանճարի հետ որից իբր մենք տակաւին անտեղեակ էինք։
Իրանահայ պարուսոյցը պիտի իր անձնական պարախմբի փորձերի և ելոյթի համար օգտւի մեր «միութենական» տարածքից և բեմից, իսկ մենք դարձեալ պարուսոյց փնդրենք Հայաստանում...
Եւ ուրեմն թերևս չպիտի զարմանալ որ աւելի քան վեց տասնամեակ գոյտևած Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Արւեստից Միութիւնը (որ չգիտես ինչո՞ւ դեռ կրում է ծանրակշիռ «Արւեստից» անւանումն՝ երբ իր ծրագրողների մէջ չպիտի լինեն այդ բնագաւառում թրծւած անհատներ) հպարտօրէն, հրճւանքով և ի լուր աշխարհի իր յարկի տակ է ընդունում մի հեռուստատէսային սերիալի ոմն «դերասանի» որի անպարկեշտ և ցինիկ կեցւածքը արդէն իսկ զգալիօրէն վնասել և խաթարել է մեր մանուկ-պատանիների լեզուն և վարքագիծը։ Արդե՞օք սա՜ էր Արարատը կերտողների երազած ապագան...

Պարն աւարտւել
Ու խաղն արդէն վերջանում է:
Հանեցէ՛ք ձեր դիմակները:
Ուշացումի ամե՜ն պահից
Իմ վիճակը
Ձեր փոխարէն լրջանում է,
Որովհետև ինձ է տրւած, դժբախտաբար,
Յիշեցնելու ձեզ վերստին ու վերջապէս,
Որ ուշացած արթնացումը
Կնմանւի մի պայթիւնի՜,
Որից յետոյ
Լռութիւնն ու Փոշին պիտի գոտեմարտեն
Չգոյութեան գահի համար ...