Wednesday 29 April 2009

Ապրիլեան Խոհեր

Աւարտւեց ապրիլեան եղեռնի ոգեկոչման հիմնական ծրագրերն ու միջոցառումները՝ Հայաստանում և սփիւռքի բոլոր գաղթօջախներում: Դարձեալ հայութիւնը սրտատրոփ սպասեց որ ուր որ է մեծն ԱՄՆ-ի նախագահի շուրթերից հնչելու է GENOCIDE բառը: Այս անգամ ևս Սպիտակ Տան անթագ թագաւորը (որն այս անգամ, բացառապէս, բազմաչարչար սևամորթ ցեղի ժառանգո՜րդ է) չգիտես ինչո՞ւ, վերջին պահին մոռանալով իր թերևս թարմ խոստումը, մոռացաւ այդ կարևոր տերմինը... Սակայն եկ ու տես որ նա մոռանալով իր մայրենին, յիշեց դրա հայերէն տարբերակը՝ «Մե՜ծ Եղեռն»:
Դէ՛ եկ վարդապե՜տ, եկ ու մի գժւիր...
Թեհրանահայութիւնը ևս ինչպէս անցեալ գոնէ 30 տարիները, նո՛յն չգրւած օրէնքների (կարծրացած ուղեղնե՞րի) թելադրանքով, նո՛յն անհատների կարգադրութիւնների ներքոյ, իրագործեց նո՛յն ծրագրերը, ելոյթները, դասախօսութիւնները, լոզունքները, գեղարւեստական պիտակ կրող միջոցառումները...
Սակայն այս տարւայ ոգեկոչճան օրերը յղի էին նաև եզակի երևոյթներով:
Ապրիլ 24-ի նախօրէին հանրութեանը ներկայացւեց (ներկայացւե՞ց) Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների նորմալացման համար ստեղծւած ճանապարհային քարտէզը (road map)՝ իհարկէ առանց յստակ ճանապարհների: Այդ «չ» ճանապարհները վշտացրին «Հին Ընկերոջը», և նա երկրորդ անգամւայ համար լքեց իր ընկերներին՝ թերևս նոր ընկերներ փնտրելու...
94 տարիներ են անցել 20րդ դարի այգաբացի այն մահաշունչ օրերից երբ պառակտւած Հայ ժողովուրդը դեռ չընտելացած լինելով նոր դարւայ շնչին, շնչահեղծ եղաւ թշնամու 20րդ դարեայ եաթաղանով:
Ո՞ւր ենք հիմա մենք: Աւելի քան 50 տարիներ է ինչ մի խումբ տաղանդալից հայորդիների նախաձեռնութեան շնորհիւ սուգը վերածեցինք պահանջատիրութեան: Բայց այս էլ քանի տարի ուշացնում ենք պահանջատիրութիւնը վերածել՝ ծրագրի. Համզգային Ծրագրի: Մի՞թէ չորացել է մեր ազգի տաղանդածին արգանդը: Թէ՞ կարծրացած ուղեղները և հաստացած վզերն են խանգարում նրանց ի յայտ գալուն...
Ուշանո՜ւմ ենք, ուշանում: Թշնամին կրնկակոխ հասցնում է իրեն 21րդ դարւայ թափին, իսկ մենք դեռ աշխատում ենք մարսել 20րդ դարը և բուժել նրա թողած խոր վերքերը:
Մեզ նո՜ր միտք է պէտք, թա՜րմ ուղեղ և ստեղծագո՜րծ ոգի... Հաւատացէք դրանց գտնելը բոլորովին էլ դժւար չէ: Լո՛կ ցանկութիւն է պէտք...

No comments:

Post a Comment